Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողով
Պաշտոնական մամուլի հաղորդագրություն,  18.07.2014, Երևան, Հայաստան



Վիկտոր Համբարձումյանի 2014թ. միջազգային մրցանակը շնորհվում է

Ֆելիքս Ահարոնյանին (Իռլանդիա և Գերմանիա) և համատեղությամբ`

Իգոր Կարաչենցևին (Ռուսաստան) և Բրենթ Թալիին (ԱՄՆ)


Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:

 

Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), Գենադի Բիսնովատի-Կոգան  (Ռուսաստան), Երվանդ Թերզյան (ԱՄՆ), Նորիո Կայֆու (ՄԱՄ նախագահ, Ճապոնիա), Միշել Մայոր (Շվեյցարիա), Վահե Պետրոսյան (ԱՄՆ), Մարտին Ռիս (Մեծ Բրիտանիա), Քաթրին Ցեսարսկի (ՄԱՄ նախկին նախագահ, Ֆրանսիա) և Ռոբերտ Ուիլյամս (ՄԱՄ նախկին նախագահ, ԱՄՆ):

 

Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր մարտի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակը կիսել հետևյալ գիտնականների միջև.

 

Ֆելիքս Ահարոնյան (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա), առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար» և

 

համատեղ` Իգոր Կարաչենցև (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալի (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, ԱՄՆ), առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:

 

Մրցանակի գումարը կբաժանվի հետևյալ կերպ. Ահարոնյանին կհատկացվի 250 000 ԱՄՆ դոլար, իսկ Կարաչենցևին և Թալիին` յուրաքանչյուրին 125 000-ական ԱՄՆ դոլար:

 

Նախորդ դափնեկիրներն են.

 

2010   Միշել Մայոր (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյան (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա), Նունու Սանտուշ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա)

2012   Յան Էյնաստո (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա) և Իգոր Նովիկով (Պ.Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)



Վիկտոր Համբարձումյանի 2014թ. միջազգային մրցանակի հաղթողների անունները  հայտարարվել են հուլիսի 18-ին ԳԱԱ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երևանում: