Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողով
Պաշտոնական մամուլի հաղորդագրություն, 21.07.2012, Երևան, Հայաստան

Վիկտոր Համբարձումյանի 2012թ. միջազգային մրցանակը շնորհվում է պրոֆ. Յան Էյնաստոյին (Էստոնիա) և պրոֆ. Իգոր Նովիկովին (Ռուսաստան)

Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է ամեն երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:

Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր մարտի 18-ը, և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած մրցանակի միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 12 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակը կիսել պրոֆ. Յան Էյնաստոյի (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա), ով առաջադրվել էր Տարտուի աստղադիտարանի կողմից “թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար” և պրոֆ. Իգոր Նովիկովի (Տիեզերական աստղագիտության կենտրոն, Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստան) միջև, ով առաջադրվել էր Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի (Լիտվա) կողմից “ջերմ Տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար”:

Յան Էյնաստոն Տարտուի աստղադիտարանի (Էստոնիա) ավագ գիտաշխատող է: 1952թ.-ից սկսած աշխատում է Տարտուի աստղադիտարանում: 1955թ. ստացել է գիտ. թեկնածուի, 1972թ.` գիտ. դոկտորի աստիճան, իսկ 1981-ին ընտրվել է Էստոնիայի գիտությունների ակադեմիայի անդամ: 1976-1992թթ. եղել է Տարտուի աստղադիտարանի Գալակտիկաների ֆիզիկայի բաժանմունքի ղեկավարը, իսկ 1983-1995թթ.` Էստոնիայի գիտությունների ակադեմիայի Աստղագիտության և ֆիզիկայի բաժանմունքի ղեկավարը: 1992-1995թթ. եղել է Տարտուի համալսարանում տիեզերաբանության պրոֆեսոր, 1992-1997թթ. Տարտուի աստղադիտարանի տիեզերաբանության բաժանմունքի ղեկավարն: Հետազոտությունների հիմնական ուղղություններն են Գալակտիկայում աստղային բնակչությունների կառուցվածքն ու կինեմատիկան, գալակտիկաների կառուցվածքն ու էվոլյուցիան, գալակտիկաների և գալակտիկաների կույտերի մեծամասշտաբ բաշխվածությունը, թաքնված նյութը, Տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքի էվոլյուցիան: Հրատարակել է ավելի քան 190 գիտական հոդվածներ: Պարգևատրվել է Էստոնայի գիտության մրցանակով (1982, 1998, 2003, 2007), Մարսել Գրոսմանի անվ. մրցանակով (2009) և Տարտուի աստղադիտարանի պատվավոր դոկտորի կոչմամբ (2010):

Իգոր Նովիկովը 2006-ից Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական աստղագիտության կենտրոնի տնօրենի տեղակալն է և 2005-ից Կոպենհագենի համալսարանի (Դանիա) պատվավոր պրոֆեսոր: 1963թ. ստացել է գիտ. թեկնածուի, 1970թ.` գիտ. դոկտորի աստիճան և 2000թ. ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1994թ. Կոպենհագենում հիմնել է Տեսական աստղաֆիզիկայի կենտրոնը, որի տնօրենն էր մինչ 2004թ.: Պրոֆ. Նովիկովը խորապես ներգրավված է Եվրոպական տիեզերական գործակալության Պլանկ ծրագրում, որը նվիրված է տիեզերական միկրոալիքային ճառագայթման անիզոտրոպիայի չափումներին: 1998-ից Իգոր Նովիկովը Պլանկի ծրագրի գիտական գնահատման հանձնաժողովի անդամ է և նախագծի համակարգողներից մեկն է: Հրատարակել է ավելի քան 400 գիտ. հոդվածներ և գրքեր, 12 մենագրություն, մոտ 150 հանրամատչելի հոդվածներ և 15 հանրամատչելի գրքեր: Պարգևատրվել է Ֆելիսե Պիետրո Կիզեսի և Կատերինա Տոմասոնի անվ. մրցանակին (2005թ.), օծվել է Պետական դրոշի շքանշանով (Դանիա)` գիտության բնագավառում ձեռքբերումների համար (2006թ.) և արժանացել է Թագավորական աստղագիտական ընկերության Էդինգտոնի անվ. մեդալի (2007):

2012թ. Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների անունները հայտարարվել են հուլիսի 21-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երևանում: